National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.03.2024
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է.

«Պարո՛ն նախագահ,

Ձե՛րդ գերազանցություններ,

Գործընկեր խորհրդարանականնե՛ր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախքան սկսելը՝ մենք պետք է դատապարտենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ մեր ցավակցությունը հայտնենք զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթենք տուժածներին: Սա ընդգծում Է ծայրահեղականության դեմ պայքարում միասնության անհրաժեշտությունը՝ խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր գործիք է գլոբալ հարցերում երկրների մասնակցության, արտաքին քաղաքականության ձեւավորման եւ խաղաղ միջազգային հարաբերությունների ամրապնդման համար:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ պատրաստ է հետագա ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս ջանքերը հիմնված են երկու երկրների ղեկավարների կողմից նախկինում քննարկված եւ հավանության արժանացած սկզբունքների վրա:

1. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

2. Ալմա-Աթայի հռչակագիրը քաղաքական հիմք է դելիմիտացիայի գործընթացի համար: Հռչակագրի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ նորանկախ հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնել են, որ նրանց միջեւ նախկին Խորհրդային վարչական սահմանները ճանաչվեն որպես միջպետական սահմաններ:

3. Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ հաշվի առնելով տարանցիկ երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի տեսակետներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհեշտացնի հաղորդակցությունը երկու պետությունների, տնտեսությունների, ժողովուրդների եւ միջազգային շահագրգիռ կողմերի միջեւ: Նման մոտեցումը կենսական նշանակություն ունի երկու երկրների եւ ընդհանրապես տարածաշրջանի միջեւ խաղաղության, բարգավաճման եւ վստահության ամրապնդման համար:

Վերջում ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանը 2024 թվականի սեպտեմբերին կհյուրընկալի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Սրտանց հրավիրում եմ բոլոր երիտասարդ խորհրդարանականներին մասնակցելու այդ համաժողովին եւ զգալու Երեւանի եւ Հայաստանի ժողովրդի հյուրընկալությունը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շնորհակալություն եմ հայտնում բոլոր  պետություններին, ինչպես նաեւ խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին աջակցելու համար:

Շնորհակալություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am